Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։ Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

27/12/2023

Ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում բնակչության շրջանում տարել է բացատրական աշխատանքներ և օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում ՌՈ տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

26/12/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում, և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած զինվորներին Սուրեն Պապիկյանն անձամբ է հանձնել ավարտական վկայականները։ Այցի շրջանակում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին, որի ընթացքում գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել 2023 թվականի արդյունքները և 2024 թվականի խնդիրներն ու ծրագրերը։ Պաշտպանության նախարարը եղել է նաև ուսումնական կենտրոնի կրակադաշտում, որտեղ գործնականում ներկայացվել են նորակառույց ուսումնական վարժադաշտի հնարավորությունները։

25/12/2023

Ավելին

Հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը մի շարք հավատարմագրված, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հանձնել է շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ։

25/12/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

23/12/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է տարեվերջյան այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, տեղում ծանոթացել նրանց առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին: ԶԼՄ ներկայացուցիչները տարեվերջյան այցի շրջանակում նաև բանակային ռեպորտաժներ ու հրապարակումներ են պատրաստել՝ տոնական օրերին հեռարձակելու նպատակով։ Հիշեցնենք, որ տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունը գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել է մի շարք տարաբնույթ միջոցառումներ։

22/12/2023

Ավելին

Տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։ Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

22/12/2023

Ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորամասերում իրականացնում է ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց, քանի որ հետամուտ է լինելու սմարթֆոն տեսակի հեռախոսների հայտնաբերմանը և զինված ուժերում դրանց օգտագործումը բացառելուն։ Հիշեցում. զինծառայողին թույլատրվում է ունենալ տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման և ինտերնետ հասանելիություն չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: Զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են սահմանված կարգով` ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո:

21/12/2023

Ավելին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանական խորհրդակցություններ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։ Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

18/12/2023

Ավելին