ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ուղեցույցը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ և իր հիմքում ունի ՀՀ Սահմանադրության «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» 20.05.2013թ. N ՀՕ-57-Ն ՀՀ օրենքի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 և դրան լրացնող բանաձևերի պահանջները, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 1.4.1 կետի՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորությունների ապահովումը, խտրականության դեպքերի բացառումը և մասնագիտական առաջխաղացման միջազգային լավագույն փորձը: 

Ուղեցույցի նպատակն է արդյունավետ պայմաններ ստեղծել ՀՀ պաշտպանության համակարգում կանանց առավել արդյունավետ ներգրավման և նրանց իրավունքների պաշտպանության համար, այդ ուղղությամբ նպաստելով կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրականացմանը պաշտպանության համակարգում և դրա հետ կապված այլ ինստիտուտներում: Ուղեցույցի միջոցով ուղենշվում են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, ազատությունների և հնարավորությունների իրացման համար և կանխում են խտրականության բոլոր ձևերն ու սեռով պայմանավորված ցանկացած տեսակի բռնությունները:

Առաջնահերթ ուղղություններն են՝

  1. Պետական քաղաքականության իրականացում.
  2. Հավասար հնարավորությունների ապահովում և իրավունքների պաշտպանություն.
  3. Խտրականության բացառում.
  4. Ծառայության չափորոշիչների հստակեցում և պրոֆեսիոնալ զարգացման ապահովում.

Ուղեցույցի խնդիրները եվ զարգացման հեռանկարները՝

  1. Սահմանել ՀՀ պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությունները,
  2. ՀՀ պաշտպանության համակարգում և մասնավորապես՝ զինծառայության մեջ կանանց ներգրավման ու առաջխաղացմանը խոչընդոտող իրավական բացերի բացահայտման միջոցով ուղենշել նորմատիվ-իրավական հենքի վերանայման ուղղությունները,
  3. դիտարկել պաշտպանության համակարգում կանանց ներգրավման նոր ոլորտներ, 
  4. հստակեցնել Ուղեցույցի առանձին ուղղությունների իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների պարտականությունների շրջանակը:
  5. պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ընդհանուր միջավայրի փոփոխության համար՝

    ա. կանանց ներգրավման հարցերը ներառել պաշտպանական բարեփոխումների շրջանակում, 
    բ. փոփոխել զինված ուժերում կանանց ծառայության վերաբերյալ մոտեցումներն ու կարծրատիպերը,
    գ. ստեղծել զինված ուժերում կանանց առավել արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ապահովել փոխհարաբերությունների առավել նպաստավոր միկրոկլիմա,
    դ. ըստ անհրաժեշտության՝ վերանայել սոցիալական երաշխիքների համակարգը, կանանց ներգրավմանը խոչընդոտող պատճառների վերացման նպատակով,
    ե. ընդլայնել կանանց կողմից զբաղեցվելիք պաշտոնների շրջանակը, հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին կանանց մասնակցությանը։

Հիմնական միջոցառումների ուղղություններ՝

  1. Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով կարևորվում է պարբերական հետազոտությունների ու ուսումնասիրությունների անցկացումը, դրանց արդյունքների օբյեկտիվ գնահատումը և դրա հիման վրա կանանց ներգրավվածության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
  2. Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովումը պետք է խարսխվի կրթական կարողությունների զարգացման ու իրազեկվածության բարձրացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N1325 և դրան առնչվող այլ բանաձևերին, կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված այլ հարցերին:
  3. Պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ակտիվացումը բխում է պետության շահերից, քանի որ հնարավորություն է տալիս օգտվել չհիմնավորված կերպով բնագավառից դուրս մնացող հասարակական ռեսուրսի մասնագիտական կարողություններից։ Ուստի, անհրաժեշտություն է առաջանում քայլեր ձեռնարկել պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ու առաջխաղացման պայմանների ու չափորոշիչների հստակեցման, ներգրավման ոլորտների ընդլայնման, որոշումների կայացմանը նրանց մասնակցության մեծացման ուղղությամբ։
  4. Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան արժեքների և սկզբունքների համակարգ և ձևավորել այդ համակարգի պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմներ։