Խաղաղապահ առաքելություններ
ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:
2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:
Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:
2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:
Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:
Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին: