Պայմանագրային ծառայություն
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Զինված ուժերի համալրումը պայմանագրային զինծառայողներով իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն:
Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը:
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս, կամ` երեք կամ հինգ տարի ժամկետով:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ
Պայմանագրային զինվորական ծառայության սկիզբ է համարվում պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:
Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակներից հանելու օրը:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 36 տարեկան` պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ`
- ով օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,
- ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն,
- ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Պայմանագրային զինվորական ծառայության առաջին պայմանագիրը կնքվում է նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 36 տարեկան` պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիների և իգական սեռի քաղաքացիների հետ` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
Պայմանագիր կնքվում է ՀՀ քաղաքացու (զինծառայողի) և պետական լիազոր մարմնի միջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.
- զինվորական ծառայության ընթացքում ստանալ անվճար բուժսպասարկում (իր և իր ընտանիքի անդամների համար), սահմանված չափի դրամական բավարարում:
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել իր ընտանիքի անդամների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն:
- ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` օգտվել արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից,
- Պայմանագրային զինծառայողն ունի այլ իրավունքներ, որոնք առնչվում են ծառայության առանձնահատկություններին և նախատեսված են օրենսդրությամբ:
ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2008թ.-ից ՀՀ զինված ուժերում կազմակերպվում և անցկացվում են պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության պատրաստման դասընթացներ, 2013թ-ից` եռամսյա ժամկետով:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ.
- մինչև 25 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի պահեստազորայինները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն, պիտանի են շարային ծառայության համար:
- ՀՀ զինված ուժերում 1,5 տարի ծառայած պարտադիր ժամկետային զինծառայողները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն, պիտանի են շարային ծառայության համար:
Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության պատրաստման դասընթացներում ընդգրկվող թեկնածուների ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով վերջիններիս բարոյահոգեբանական վիճակը, ֆիզիկական պատրաստվածությունը, կրթական մակարդակը, դատվածություն չունենալը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերում և ստորաբաժանումներում ծառայելու համար անհրաժեշտ պահանջների բավարարումը:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների նյութական ապահովումը կատարվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին արձակուրդ տրամադրվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների արձակումը ՀՀ զինված ուժերի շարքերից իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: