ՀՀ ՊՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետև՝ Նախարարություն) հանրային իրազեկման հայեցակարգը (այսուհետև՝ Հայեցակարգ)՝ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության միասնական տեղեկատվական քաղաքականության իրագործմանը նպատակաուղղված հիմնարար դրույթների ամբողջություն, բխում է պետության ներքին և արտաքին անվտանգության ռազմավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները սահմանող ուղեցույց փաստաթղթերի պահանջներից:
Հայեցակարգի հիմնական նպատակը Նախարարության գործունեության մասին հանրային իրազեկման քաղաքականության իրականացման ուղիներն ու միջոցները սահմանելն է, պաշտպանության բնագավառի կատարելագործմանը, բանակի կերպափոխմանն ու արդիականացմանը նպատակաուղղված ծրագրերի, բարեփոխումների վերաբերյալ հանրության տեղեկացվածության բարձրացմանը նպաստելը:
Հայեցակարգի հենքում ՀՀ բանակի կերպափոխման, զինված ուժերի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումների ծրագրերն են՝ ավելի պաշտպանունակ, տարբեր մարտահրավերների դիմակայելու զինված ուժեր ունենալու անհրաժեշտությամբ:
Բանակի կերպափոխման և զինված ուժերում իրականացվող արդիականացման գործընթացի վերաբերյալ հանրության բավարար իրազեկվածությունը հնարավորություն կընձեռի առավել ամրապնդելու հասարակության վստահությունը ՀՀ բանակի նկատմամբ՝ հիմք ստեղծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանադրական նորմերը պահպանելու համար:
Հանրության տեղեկացվածության բարձրացմանը կարող է նպաստել նաև հասարակության տարբեր շերտերի հետ փոխգործակցության ամրապնդումը՝ ՀՀ դեմ ուղղված քարոզչությանը դիմագրավելու նպատակով:
Վերոնշյալ նկատառումներով սահմանվում են Նախարարության հանրային իրազեկման քաղաքականության հետևյալ խնդիրներն ու առաջնահերթությունները:
I.
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԽՆԴԻՐՆԵՐ
Պաշտպանական քաղաքականության թափանցիկության ապահովում, հանրությանը հաշվետու լինելու միջոցների կատարելագործում:
Պաշտպանական բարեփոխումների, այդ թվում՝ բանակի կերպափոխման վերաբերյալ տեղեկատվական ապահովում:
Բանակ-հասարակություն փոխգործակցության ամրապնդում՝ մասնակցային գործընթացների ակտիվացմամբ:
Միասնական տեղեկատվական քաղաքականության իրագործում:
Հանրային կապերի և տեղեկատվական ապահովման մասնագետների շարունակական վերապատրաստում՝ միջազգային փորձի կիրառմամբ, այդ թվում՝ սոցիալական մեդիայի մարկետինգի դասընթացների մասնակցության ապահովում:
Համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների (տեղական և օտարերկրյա) հետ՝ ՀՀ ԶՈՒ գործունեության և բանակի կերպափոխման վերաբերյալ հանրության շրջանում զինված ուժերի հեղինակության ու նրա նկատմամբ վստահության բարձրացման նպատակով:
Համագործակցություն ԶՈՒ նպատակային հետաքրքրությունների տիրույթում գտնվող հասարակական կազմակերպությունների հետ և նրանց ոլորտային առաջարկությունների դիտարկում ու քննարկում:
Ներքին և արտաքին տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործունեության բազմակողմանի լուսաբանում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պաշտպանունակության բարձրացման, բազմազգ ուժերի կազմում փոխգործունակ ստորաբաժանումների առկայության, խաղաղապահ ու մարդասիրական առաքելություններում մասնակցության ընդլայնման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների լուսաբանում:
Պայմանական հակառակորդի քարոզչության իրական նպատակների բացահայտում և դրա դեմ համակարգային հակազդման գործիքակազմի կատարելագործում:
Հայաստանի Հանրապետության բանակի հեղինակության բարձրացման նպատակով նաև պաշտպանության բնագավառի բարձրաստիճան սպայակազմի, պաշտոնյաների ներգրավմամբ հանրության իրազեկման (այդ թվում՝ պաշտոնական կայքի և սոցիալական ցանցերում էջերի միջոցով) պարբերական ապահովում:
Զինծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված աշխատանքների բարելավման գործընթաց` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, շահագրգիռ այլ կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պաշտպանական ոլորտի բարեփոխումների՝ բանակի կերպափոխման, արդիականացման ծրագրերի, օրենսդրական փոփոխությունների, զինծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակի հստակեցման, ծառայության և կենցաղ-կացարանային պայմանների բարելավման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների իրականացում:
Բանակի կերպափոխման հայեցակարգի շրջանակում, մասնավորապես՝ ԶՈՒ-ում ընթացիկ և նախատեսվող նոր ծրագրերի վերաբերյալ հանրության տեղեկացվածության պատշաճ ապահովում՝ շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ:
ԶՈՒ գործունեությանն առնչվող, ինչպես նաև ձեռքբերումների վերաբերյալ միջոցառումների լուսաբանմամբ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության նպաստում:
II.
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Սույն Հայեցակարգով հանրային իրազեկում կազմակերպելու, ինչպես նաև պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրության կարծիքը մշտապես նկատառելու և հետադարձ կապն ապահովելու նպատակով անհրաժեշտ է.
- Կենտրոնացնել գերատեսչական տեղեկատվական ներուժը և զարգացնել տեղեկատվական զինանոցի հնարավորությունները՝ ներդնելով տեխնիկական նոր միջոցներ ու աշխատանքային ոճ, ժամանակակից PR տեխնոլոգիաներ, մասնավորապես՝
1.1. Գերատեսչական հեռուստահաղորդումների, պաշտոնական հանդեսի, համացանցային պաշտոնական հարթակներում Նախարարության գործունեության ուղղորդում՝ նոր սկզբունքների ու տեսակետների համաձայն,
1.2. Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների, լրատվամիջոցների հետ համագործակցության խորացում՝ համատեղ ծրագրերի իրականացմամբ,
1.3 Համացանցում Նախարարության պաշտոնական ռեսուրսների, հնարավորությունների զարգացում: Հասարակության հետ շփման և հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմների կիրառում:
1.4. «Թեժ գիծ» անվճար հեռախոսահամարի և այլ միջոցներով հասանելի դարձած խնդրահարույց հարցերի վերհանում և ըստ վերադասության դրանց փոխանցում՝ կարգավորման ու լուծման նպատակով:
1.5. Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության` տեղեկատվական բնույթի տպագիր հրատարակությունների, ռազմագիտական հանդեսների, մատենաշարերի գաղափարապես և որակապես կատարելագործում:
1.6. ՀՀ ԶՈՒ գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ հակիրճ տեսանյութերի և ՊՆ պաշտոնական ռեսուրսներով դրանց շրջանառում, գերատեսչական ֆոտոտեսապահուստի դասակարգում, փաստավավերագրական նյութերի համակարգում, թվայնացում և արխիվացում:
1.7. Բանակային և հայրենասիրական թեմաներով ստեղծագործական աշխատանքների մրցույթների անցկացում՝ հասարակության տարբեր շերտերի ընդգրկմամբ:
- Շարունակել գործուն և համակարգված փոխգործակցությունը զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ, որի համար մասնավորապես անհրաժեշտ է.
2.1. բանակային իրադարձություններն այսուհետ ևս ընդգրկուն ու անկողմնակալ լուսաբանելու, բանակային անցուդարձն առավել հրապարակային դարձնելու նպատակով զարգացնել ձևավորված աշխատանքային ավանդույթները՝ ժամանակին ազդարարելով պաշտոնական հանդիպումների, այցերի, միջոցառումների, բանակային հրատապ թեմաների քննարկումների, ասուլիսների, սեմինարների և տեղեկատվական արշավների մասին,
2.2. շարունակել հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ լրագրողների այցերի կազմակերպումը,
2.3. կատարելագործել պաշտպանական ոլորտի տեղեկատվությունը հանրությանը հասու դարձնելու գործիքակազմն այնպես, որ զանգվածային լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները կարողանան օգտվել Նախարարության գործունեության վերաբերյալ բաց տեղեկատվությունից.
2.4. Բանակում հնարավոր չարաշահումների, հանցավորության դեպքերի առավել հանգամանորեն և օբյեկտիվ լուսաբանման համար ապահովել պաշտոնական տեսակետի տարածումը:
- Միասնական տեղեկատվական քաղաքականություն մշակելիս, հաշվի առնելով հանրության կարծիքն ու տրամադրությունները և կարևորելով սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունը, վերջիններիս հետ կամ սեփական ուժերով անցկացնել հարցումներ և պարզել.
3.1. Նախարարությունում իրականացվող ծրագրերի՝ պաշտպանական բարեփոխումների առնչությամբ հանրության տարբեր խմբերի վստահության աստիճանը, ինչպես նաև նրանց գնահատականը, ինչի արդյունքում կուրվագծվեն ընթացող բարեփոխումների և պաշտպանական օրենսդրական փոփոխությունների խնդրում հասարակության աջակցությունն ստանալու արդյունավետ ուղիները,
3.2. Երկրի պաշտպանվածության և բանակի պաշտպանունակության վերաբերյալ հանրության տեսակետն ու ակնկալիքները Հայաստանի Հանրապետության զինված ուժերից՝ որպես երկրի անվտանգության երաշխավորներից մեկը, ինչպես նաև վերաբերմունքը բանակում առկա թերությունների, դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների առնչությամբ:
- Կարևորել պետությանն ու բանակին անձնվիրաբար ծառայելուն ուղղված հայրենասիրական ոգով դաստիարակելու մտածողության ձևավորումը երիտասարդության, հատկապես նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում:
- Պաշտպանական բարեփոխումների իրականացմանը զուգընթաց՝ շարունակել հանրությանն իրազեկել օրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպելով նաև հանրային քննարկումներ:
- Կարևորել համագործակցությունը միջազգային տեղեկատվական աղբյուրների հետ՝ ընդլայնելով օտար լեզուներով տեղեկատվության տրամադրման և տարածման հնարավորությունները:
III.
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հայեցակարգի դրույթներն իրագործվում են Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության (այսուհետև՝ Վարչություն) համակարգմամբ՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով ՊՆ շահագրգիռ այլ ստորաբաժանումներ:
Սույն Հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող գործողությունները ներառվում են Վարչության աշխատանքային պլաններում, միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերում:
Միասնական տեղեկատվական քաղաքականության իրականացմանը նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային պլանները կազմելու նպատակով Վարչությունը Նախարարության իրավասու բոլոր օղակներից ժամանակին համակարգված տեղեկություններ է ստանում հայեցակարգային դրույթներում ներառված ուղղությունների, գործողությունների ծրագրերի ու միջոցառումների պլանավորման և իրականացման վերաբերյալ՝ ապահովելով տեղեկատվության տրամադրման հետադարձ կապը նույնպես:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՀ ՊՆ հանրային իրազեկման հայեցակարգի դրույթների վերանայման հաճախականությունը պայմանավորված է ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաստաթղթերի փաթեթում, ուղեցույց փաստաթղթերում, ինչպես նաև պաշտպանական քաղաքականության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կատարվող փոփոխություններով:
Հայեցակարգը կազմում են Նախարարության միասնական տեղեկատվական քաղաքականություն մշակող և իրագործող, ինչպես նաև տեղեկատվական քաղաքականության իրականացմանն աջակցող ստորաբաժանումները, հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Հանրության հետ շփումներում ի պաշտոնե Նախարարության անունից հանդես եկող պաշտոնյաները և զինծառայողները պետք է առաջնորդվեն Հայեցակարգի դրույթներով, ինչպես նաև դրանց հիման վրա՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի համակարգմամբ և ուղեցույց փաստաթղթերով, հրահանգներով ու ծրագրերով:
Հայերեն
English
Русский