ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ հիմքերով է քաղաքացին ազատվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`
1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.
2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.
3) ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
4) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում (տե՛ս հղմամբ):
2. Եթե անձը երկքաղաքացի է, ապա արդյո՞ք պարտավոր է պարտադիր զինվորական ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում:
1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի պահանջների համաձայն` ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը:
2) ՀՀ երկքաղաքացին հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության զինապարտ և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության Հայաստանի զինված ուժերում, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:
3.Ո՞ր տարիքից են ՀՀ արական սեռի քաղաքացիները կցագրվում և ի՞նչ ընթացակարգով:
Զինվորական հաշվառում իրականացնում են`
1) զինապարտի մշտական բնակության վայրի տարածքային ստորաբաժանումը.
2) ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայությունը` Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և հյուպատոսական հաշվառման վերցված զինապարտներինը:
3) Զինվորական հաշվառման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները:
4) Զինվորական հաշվառման են վերցվում նաև 18 տարին լրացած և զինվորական մասնագիտություն ստացած կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիները: Սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիների զինվորական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով: Զինվորական հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5) Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում բնակվող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6) Զինվորական հաշվառման նպատակով տարածքային ստորաբաժանումում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում մուտքագրվում են զինապարտի ծննդյան և անձնագրային, անհրաժեշտ կենսաչափական, հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, աշխատանքային գործունեության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ներառվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան բնօրինակ փաստաթղթերը կամ դրանց պատճենները: Տվյալների միասնականությունը և համակարգված կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4.Որտե՞ղ կարող է դիմել զորակոչի տարիքի ՀՀ քաղաքացին, եթե գտնվում է ՀՀ տարածքից դուրս և չի կարող սեփական միջոցներով վերադառնալ:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան տարածքային ստորաբաժանումը, իսկ քաղաքացու՝ օտարերկրյա պետությունում բնակվելու և տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված լինելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են տարածքային ստորաբաժանում ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով տարածքային ստորաբաժանում ներկայանալու ժամկետը:
5.Ովքե՞ր են ենթակա պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:
Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:
6. Ո՞վ ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:
1) Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար:
2) Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:
7. Արդյո՞ք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պարագայում հնարավոր է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:
Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:
Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են: Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթն օրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար: Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթն օրյա ժամկետում: Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
8. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած քաղաքացիների համար:
ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման համաձայն հայտարարված զորակոչի ընթացքում տարածքային ստորաբաժանում չներկայացած կամ զորակոչից խուսափած անձանց անձնական գործերի պատճենները, հաստատված տարածքային ստորաբաժանման ղեկավարի կնիքով, զորակոչի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան միջնորդությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժին` միաժամանակ տեղեկացնելով համապատասխան կայազորային զինվորական դատախազությանը:
9. Ո՞ր դեպքերում է քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում տարկետում:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`
1) առողջական վիճակի պատճառով.
2) ընտանեկան պայմաններից ելնելով:
10. Ո՞ր դեպքերում է քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում:
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`
1) բուժման կարիք ունենալու կամ
2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:
11. Ո՞ր պարագայում է զորակոչիկը առողջական վիճակի պատճառով ճանաչվում ոչ պիտանի զինվորական ծառայության համար:
Առողջական վիճակի պատճառով տարածքային ստորաբաժանման կողմից բժշկական հետազոտության ուղեգրված, այնուհետև ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 404-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկով կենտրոնական բժշկական հանձնաժողովի կամ տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովների կողմից փորձաքննված զորակոչիկը: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա զորակոչիկը ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար կամ պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կամ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների վերաբերյալ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները ներկայացվում են հանրապետական զորակոչային հանձնաժողովի հաստատմանը, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի վավերացմանը:
12. Ո՞ր դեպքերում է զորակոչիկին տարկետում տրվում ընտանեկան պայմաններից ելնելով:
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի`
1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)`
ա. չունեն այլ զավակ կամ
բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.
2) առանց մոր մեծացող երեխա.
3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.
4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.
5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:
2. Եթե քաղաքացին անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա և որդեգրվել է խնամատար հաստատությունից, և առկա են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից: Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը:
3. Քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե`
1) մյուս ծնողը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած.
2) մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
3) մինչև քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին.
4) ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին:
4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով չնախատեսված դեպքերում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
14. Արդյո՞ք արտերկրի ԲՈՒՀ-երում սովորող 18 տարին լրացած ՀՀ արական սեռի քաղաքացիներին, կարող է տրվել տարկետում:
Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:
15. Ո՞ր մարմինն է տալիս զորակոչիկի զինվորական ծառայության համար պիտանելիության մասին եզրակացություն:
Կենտրոնական բժշկական հանձնաժողովը քաղաքացու բժշկական փորձաքննության արդյունքներով տալիս է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Եզրակացությունն առնվազն ներառում է քաղաքացու առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, քաղաքացու պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը, նրա առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները, եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները:
16. Որտե՞ղ և ի՞նչ ընթացակարգով կարող է զորակոչիկը բողոքարկել իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:
Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:
ՀՀ Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 21-րդ հոդվածի համաձայն՝ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի եզրակացությունները վերջնական են և կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ ՀՀ պաշտպանության նախարարին կամ դատական կարգով:
17. Ի՞նչ կարգով է անցկացվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի վիճակահանությունը:
ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման 26-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի համաձայն հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին հանրապետական հավաքակայանում կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ (բացառությամբ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված քաղաքացիների) ըստ զորամասերի ծառայության նշանակման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Հանրապետական հավաքակայանում ուսումնասիրվում են հանրապետական հավաքակայան ներկայացված քաղաքացիների վերաբերյալ ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման 26-րդ հոդվածի 31-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների առկայությունը, ինչպես նաև առողջական վիճակը, որի արդյունքներով անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ոչ լիարժեք լինելու կամ քաղաքացու առողջական վիճակը զորակոչվելու համար խոչընդոտ հանդիսանալու դեպքում քաղաքացին կարող է վերադարձվել տարածքային ստորաբաժանում:
Պարտադիր զինծառայողների` ըստ զորամասերի ծառայության նշանակվելուց հետո զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համապատասխան տարածքային տարածքային ստորաբաժանումներ է ուղարկում զորակոչված անձանց անվանացուցակը` նշանակված զորամասերի պայմանական համարների գրառումներով: Ստացված անվանացուցակները տարածքային ստորաբաժանումներն անհապաղ փակցնում են քաղաքացիների համար տեսանելի վայրերում:
18. Ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել:
Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը և եթե զորակոչվող եղբոր տվյալները բավարարում են տվյալ զորամասում ծառայության անցնելու համար անհրաժեշտ պայմաններին:
19. Որո՞նք են ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու պայմանները և կարգը:
Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է պատվո պահակային վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:
Հանձնաժողովի կողմից ընտրություն կատարելիս հիմք են ընդունվում զորակոչիկի միաժամանակյա համապատասխանությունը հետևյալ պայմաններին.
1) հասակը` 180-ից 190սմ,
2) դեմքի և մարմնի երևացող այլ մասերի վրա դաջվածքների և սպիների բացակայություն,
3) մարմնի զանգվածի և հասակի կանոնավոր հարաբերակցություն,
4) դեմքի գեղեցիկ և համաչափ դիմագծեր,
5) առանց որևէ շտկման և ճիշտ գունային զգացողությամբ տեսողություն,
6) ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման լսողություն:
20. Ինչպե՞ս քաղաքացին կարող է ծառայության անցնել ԶՈՒ երգի և պարի համույթում:
1. Զինված ուժերի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է երգի և պարի համույթում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:
2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է դիտումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում (http://mil.am/hy/) և լրատվամիջոցներով, որի հիման վրա դիտումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են դիտումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:
21. Ի՞նչ կարգով են զորակոչիկները ծառայության նշանակվում ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում:
1. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:
2. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու ընտրությանը մասնակցում են երաժշտական փողային և հարվածային գործիքների տիրապետող մասնագետները: Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է լսումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, որի հիման վրա լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են լսումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են լսումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառվում` ըստ անհրաժեշտ երաժշտական փողային և հարվածային գործիքների տիրապետող մասնագետների հայտ-պահանջարկի, և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները լսումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետին: ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N 8-Ն հրամանի հավելված 5-ի 2-րդ կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:
22. Արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության անցնելու համար դիմելու և ընտրության կարգը:
1. Արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է արդի տեխնոլոգիաների խմբում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:
2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամի մասին, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, իրազեկումն իրականացվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Մրցույթին մասնակցել ցանկացող զորակոչիկները կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել https://atmk.mil.am/կայքում, որի մասին տեղեկացնում են նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառվում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են կապի և ԱԿՀ վարչության պետին: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N 8-Ն հրամանի հավելված 6-ի 2-րդ կետում նշված անվանացուցակների հետ միասին:
23. Գիտական (տեխնոլոգիական) վաշտում զինվորական ծառայության անցնելու համար դիմելու և ընտրության կարգը:
1. Տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է տեխնոլոգիական (գիտական) վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:
2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամկետի, վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակի մասին իրազեկումն իրականացվում է www.mil.am կայքում և լրատվամիջոցներով: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի կրթական ծրագրով ավարտական վկայական ունեցող զորակոչիկները, որոնք կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել www.mil.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտը, որի մասին տեղեկացնում են նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են մրցութային հանձնաժողովի նախագահին: Անվանացուցակների հետ միասին ներկայացվում են նաև զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը: Զորակոչիկը մրցույթին ներկայանալիս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ mil.am կայքում գրանցված լինելու դեպքում՝ նաև սույն կետով նախատեսված այլ փաստաթղթերը: ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N 8-Ն հրամանի հավելված 7-ի 2-րդ կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:
24. ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայություն անցնելու համար դիմելու և ընտրության կարգը:
1. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:
2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամի, համալրման ենթակա հաստիքների քանակի մասին, իրազեկումն իրականացվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, որի հիման վրա մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել www.mil.am կայքում՝ այդ մասին տեղեկացնելով նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառվում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետին: ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N 8-Ն հրամանի հավելված 8-ի 2-րդ կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:
25. Ի՞նչ հիմքերի առկայության պարագայում քաղաքացին կարող է անցնել այլընտրանքային ծառայության:
17.12.2003թ. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:
Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:
26. Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով դիմել այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու համար:
Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող հունիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ դիմել է իր զինվորական հաշվառման տարածքային ստորաբաժանման ղեկավարին, և որի վերաբերյալ 8.1-ին հոդվածով սահմանված իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը, հաշվի առնելով այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) եզրակացությունը, որոշում է կայացրել ուղարկել այլընտրանքային ծառայության: Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է և կազմված է տարածքային կառավարման, արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Վարչապետը: Հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
17.12.2003թ. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները չեն տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունք ստանալու հիմքունեցող քաղաքացիների վրա:
27. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, ո՞ր զինծառայողը չի կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ:
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաև «Ես եմ» ծրագրի շահառու հանդիսացող զինծառայողների), որը.
1) հանդիսանում է 63 տարին լրացած կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը,
2) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր),
3) ամուսնացած է և ունի մեկ երեխա,
4) ծնողները մահացած են,
5) մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ: