Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը
28 Օգոստոսի, 2021 21:03ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում եղել է 20 հարց` առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:
Այստեղ նույնպես լուրջ մրցակցություն է ծավալվել: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հայաստանն է, Բելառուսը երրորդն է:
Թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ: