Բանակի օրվա կապակցությամբ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք
29 Հունվարի, 2021 18:02Սրբազան արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
Հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:
Ամենայն Հայոց Հայրապետը նաև մասնավոր աղոթք է վերառաքել առ Երկնավորը արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված քաջարի զինվորականների հոգու խաղաղության և հանգստության համար։
Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն: Ի գնահատություն արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի խումբ զինվորականների։
Ընդունելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացել են նախարարության պարգևների: