Հայտարարություն
10 Սեպտեմբերի, 2020 16:07Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է:
Կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները.
- արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,
- խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,
- պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ:
Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար՝ ստորաբաժանման մարտունակության անկմանը:
Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում զինծառայողների ծնողներին և հարազատներին ստեղծված իրավիճակում սահմանափակումների անհրաժեշտությանը ըմբռնումով մոտենալու համար:
Զինված ուժերի մարտունակության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է: