Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում անցկացվել են ճեպազրույցներ
15 Հուլիսի, 2020 12:50ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, նշել, որ երեկոյան 18:00-ից հետո նկատվել է լարվածության թուլացում:
Օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրետակոծվել են Չինարի, Այգեպար, Կարմիր Աղբյուր, Բերքաբեր գյուղերն ու Բերդ քաղաքը: Հակառակորդի կողմից կիրառվել են ականանետեր, հրետանային, ռեակտիվ հրետանային միջոցներ և տանկեր: Բարեբախտաբար քաղաքացիական ազգաբնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, հրետակոծության արդյունքում բնակավայրերին հասցվել է զուտ նյութական վնաս. վնասվել են բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Ա. Հովհաննիսյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերը, իրենց ձեռագրին հավատարիմ, շարունակում են թիրախավորել սեփական քաղաքացիական ազգաբնակչությանը՝ հայկական հենակետերի ուղղությամբ կրակ վարող հրետանային միջոցները տեղակայելով սահմանամերձ բնակավայրերի մերձակայքում:
Նշվել է նաև, որ այս օրերի ընթացքում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի շուրջ 10 ԱԹՍ, այդ թվում նաև՝ իսրայելական արտադրության «Հերմես-900» հետախուզական անօդաչու թռչող սարքը:
Հաջորդ ճեպազրույցն անցկացվել է հուլիսի 15-ի առավոտյան: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերվա օպերատիվ իրավիճակը, արձանագրել, որ սահմանագոտում գիշերվա ընթացքում և առավոտյան չեն կիրառվել խոշոր տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ:
Տեղեկացնենք նաև, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։
Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուս զինծառայողներն առաջիկա շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։