ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսքը Երկրապահի օրվա կապակցությամբ

8 Մայիսի, 2020 15:52
Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով:

Երկիրը պահելու համար ոտքի կանգնած այդ մարդկանց տոնն ենք նշում մայիսի 8-ին, ինչը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու նրանց: Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը: Հենց ազատամարտիկներն էին, որ հայրենիքի, հայրենակիցների պաշտպանության պատասխանատվությունն առաջինը վերցրին իրենց ուսերին և կրեցին այն մինչև հաղթական ավարտ՝ անցնելով կայացման, բանակաշինության բարդ և դժվարին ճանապարհը: Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք, նաև նրանցից շատերի կյանքերի գնով ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ:

Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա, որովհետև երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների, հաղթանակներ կերտող հայ ժողովրդի տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով, որոնք Ապրիլյան մարտերին ևս մեկ անգամ ապացուցեցին դա:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել զոհված ազատամարտիկների ծնողներին, այրիներին և զավակներին, շնորհակալ ենք ձեր  սիրո և համբերության համար: Մեր ցանկությունն ու ձգտումն է, որ բոլոր երկրապահներն ու նրանց սերունդներն ապրեն անվտանգ ու բարեկեցիկ երկրում: Հայոց բանակը, վստահեցնում եմ, այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում է մեր երկրի սահմաններն ամուր պահելու իր առաքելությունը և գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից:

Շնորհավոր տոնդ, երկրապա´հ, շնորհավոր տոնդ, Հայո´ց երկրի պաշտպան:

  • Տարածել