Ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան
13 Դեկտեմբերի, 2022 10:30Դեկտեմբերի 12-ին ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ կահավորված լսարանի բացման արարողությանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի թիմին՝ ուսումնական ու կրթական միջոցառումների շրջանակում զինված ուժերի անձնակազմին աջակցելու, կարողությունները և հմտությունները զարգացնելու պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը, քննարկել հետագա համագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների ազգային ռազմավարության իրականացման։ Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան: