Որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը
30 Օգոստոսի, 2021 18:33Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում լավագույնն է:
Երկրորդ օրը տղամարդիկ ուժերն են չափել նաև ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները, վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը, ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ: Տղամարդկանց անհատական հաշվարկով նույնպես լավագույն արդյունք ունի ՀՀ զինված ուժերի թիմի մասնակիցը՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը:
Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է: Ղազախստանի զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը: