ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
11 Օգոստոսի, 2021 17:06Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։
Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումն ստանձնելու կապակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը, վերջին շրջանում, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։
Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։
Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։ Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։
Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։
Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։