Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
2 Փետրվարի, 2010 00:00Փետրվարի 2–ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների բուժհետազոտության կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, Առողջապահության նախարար Հ. Քուշկյանը, երկու գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բացելով խորհրդակցությունը` Սեյրան Օհանյանը նշեց, որ զինված ուժերի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը զորքերի համալրման գործընթացն է, որը որակապես բարելավելու նպատակով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգում փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները: Հանձնաժողովի անդամները, որոնցից շատերը բժշկական գիտությունների դոկտորներ ու թեկնածուներ են, ուսումնասիրություններ են կատարել նախկին կանոնակարգի վերաբերյալ, քննարկել և առաջարկություններ են ներկայացրել նոր կանոնակարգի համար:
Առողջապահության նախարար Հ. Քուշկյանն իր ելույթում ընդգծեց, որ ոլորտում վերջին տարիներին բարելավումն ակնհայտ է, սակայն դեռևս անելիքներ կան, և երկու գերատեսչությունների սերտ համագործակցության արդյունքում առավել արդյունավետ են իրականացվում բուժհետազոտության աշխատանքները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն