Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

2 Февраля, 2010 00:00
Փետրվարի 2–ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների բուժհետազոտության կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, Առողջապահության նախարար Հ. Քուշկյանը, երկու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը` Սեյրան Օհանյանը նշեց, որ զինված ուժերի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը զորքերի համալրման գործընթացն է, որը որակապես բարելավելու նպատակով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգում փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները: Հանձնաժողովի անդամները, որոնցից շատերը բժշկական գիտությունների դոկտորներ ու թեկնածուներ են, ուսումնասիրություններ են կատարել նախկին կանոնակարգի վերաբերյալ, քննարկել և առաջարկություններ են ներկայացրել նոր կանոնակարգի համար: Առողջապահության նախարար Հ. Քուշկյանն իր ելույթում ընդգծեց, որ ոլորտում վերջին տարիներին բարելավումն ակնհայտ է, սակայն դեռևս անելիքներ կան, և երկու գերատեսչությունների սերտ համագործակցության արդյունքում առավել արդյունավետ են իրականացվում բուժհետազոտության աշխատանքները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться