Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
11 Հունիսի, 2021 19:34Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին:
Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման և այս՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Նշվել է, որ նման գործելաոճը հանդիսանում է միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության դրույթների շրջանակներում Ադրբեջանի կողմից ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում:
Վաղարշակ Հարությունյանը միաժամանակ երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք:
Թիերի Ռիբոն իր հերթին հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ: