ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 29 տարեկան է
5 Մայիսի, 2021 18:36ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպված արարողությանը մասնակցել և զոհված ռազմական ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:
Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման ուղղությամբ ռազմական ոստիկանության դերակատարումը, բարձր գնահատել կառույցի գործունեությունը արցախյան վերջին պատերազմի ընթացքում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերում, մասնավորապես՝ ռազմական ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և ընդգծել, որ նոր եռանդով ու առավել պատասխանատվությամբ է պետք շարունակել հայրենիքի անվտանգության ապահովմանն ուղղված ծառայությունը։
Միջոցառման ավարտին հանձնվել են Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, անձնուրացության համար հետմահու շնորհված պարգևներ: Պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար խրախուսվել են ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ։