ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
16 Ապրիլի, 2021 17:22Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին կարևոր այս պաշտոնում մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները, բանակի մարտունակության ու կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այդ ուղղությամբ զորամասերում տարվող աշխատանքների արդյունքները:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի:
Բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` նախանշելով առաջիկա աշխատանքների գլխավոր ուղղությունները: