ՀՀ պաշտպանության նախարարության ցավակցական ուղերձը՝ տաղանդավոր օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ
7 Մայիսի, 2020 15:21Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի ազատության համար կռվող զինվորի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, հարաբերական խաղաղության տարիներին, երբ սահմանին դարձյալ կրակոցներ էին հնչում, ու հակառակորդի գնդակը խոցում էր սահմանապահ տղաներին: Մկրտիչ Գինոսյանը բանակի հետ էր ապրիլյան պատերազմի օրերին: Ու մինչև իր կյանքի վերջին պահը: ...Նա կողքիդ էր, երբ ոտքիդ կամ ձեռքիդ փոխարեն ինչ-որ սառն ու անշունչ զանգված էին կարկատում մարմնիդ: Երբ առաջին անգամ կանգնում էիր արհեստական ոտքի վրա ու երեխայի պես երկչոտ ու երերուն՝ փորձում էիր քայլել: Երբ ուզում էիր դեն նետել պրոթեզը՝ այն այլևս չկրելու վճռականությամբ: Նա բռնում էր ձեռքդ, խոսում էր հոգուդ հետ ու չէր թողնում, որ ցավն ու հուսահատությունը հաղթեն քեզ:
Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը լավագույններից մեկն էր հանրապետությունում՝ որպես մասնագետ, ու նրան աշխատանքի էին հրավիրում ամենազարգացած երկրների ամենահեղինակավոր կլինիկաներից: Բայց նա մինչև վերջ մնաց իր երկրում՝ կիսելով իր ժողովրդի ճակատագիրն ու մինչև վերջ ծառայելով նրան: Նա մեր երկրի խոնարհ հերոսներից մեկն էր, որի կյանքի պայծառ հետագիծը դեռ երկար լուսավորելու է ապրողներիս ուղին...
Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի նվիրյալ զինվոր էր, որ երբեք չլքեց առաջնագիծը: Նրա մահը մեծ կորուստ էր. բոլոր նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց նվիրյալ ընկերոջն ու լավագույն բարեկամին: Մկրտիչ Գինոսյանի անունը միշտ կհիշվի փառքով: