Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը
19 Սեպտեմբերի, 2018 17:23Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Ացուսի Տակացեին (նստավայրը ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Միաժամանակ նշվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ` առանձնացվել են ռազմական բժշկության, աղետների հետևանքների վերացման ժամանակ զինված ուժերի կողմից փրկարար ծառայությանը տրամադրվող աջակցության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:
Դեսպան Յամադան իր հերթին նշել է պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում մի շարք ուղղություններով առաջընթաց կարձանագրվի: