ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները
12 Հունիսի, 2018 16:57Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:
Թեմուր Ուրազաևը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս ընդլայնվելու և զարգանալու են` իրացնելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Ընդգծվել է երկու երկրների համագործակցության կարևորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: