Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն
21 Ապրիլի, 2018 00:30Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական եռամյա հատուկ պատրաստության ծրագրերով: Վարժարան ընդունվել ցանկացող հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի արական սեռի աշակերտները և նրանց ծնողները ապրիլի 20-ից ՀՀ պաշտպանության նախարարությունում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, իրենց տարածքային զինկոմիսարիատում կամ www.monte.am կայքի միջոցով կարող են ներկայացնել համատեղ դիմում։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հունիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը, ժամը 10:00-ից 17:00-ն, դիմորդները ընդունելության համար Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կամ ՀՀ պաշտպանության նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում՝ www.monte.am էլ. կայքի միջոցով (կարող է նաև լրացվել տարածքային զինկոմիսարիատում, ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ Վարժարանում),
- Տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացվում է անձամբ, հաշվառման պոլիկլինիկայից),
- Ձև 63 և քաղվածք երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,
- Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),
- 9-ամյա կրթության վկայականը և պատճենը՝ գնահատականների ամփոփագրով,
- Ծննդյան վկայականը (կամ անձնագիրը) և պատճենը,
- 3x4 չափի 4 լուսանկար:
Դիմորդները լրացուցիչ կարող են ներկայացնել ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան զինվորականի կողմից տրված երաշխավորագիր` ազատ շարադրանքով:
Դիմորդների և նրանց ծնողների համար յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ժամը 11:00-ից 17:00-ն Վարժարանում գործելու են բաց դռների օրեր: Այցելուները կարող են ծանոթանալ վարժարանի պայմաններին, ընդունելության գործընթացին, ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Դիմորդների բժշկական զննումը կազմակերպվում է 2018թ. հուլիսի 1-ից 20-ը:
Ընդունելության հայտագրումից հետո դիմորդները ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալներում` ըստ բնակության վայրի, անցնում են բժշկական անվճար զննում:
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առարկայական թեստավորումը կազմակերպվելու և անցկացվելու է հուլիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝Երևան քաղաքում՝ «Այբ» դպրոցում (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 11/11):
Հանրակրթության առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման նպատակով դիմորդները մրցութային կարգով «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից մասնակցում են թեստավորման, որը գնահատվում է 20 միավորային համակարգով: Հարցաշարերը կազմվում են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերի չափորոշիչներին համապատասխան՝ լրացուցիչ ներառելով նաև դիմորդների լեզվամտածողության, խոսքի մշակույթի, տրամաբանության, վերլուծական մտածողության ստուգման առաջադրանքներ:
ՄԱՐԶԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ
2018թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը, Դիլիջանում դիմորդների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական կողմնորոշումը և հոգեբանական համատեղելիությունը ստուգելու նպատակով կանցկացվի մարզահոգեբանական ստուգարք՝ եռօրյա բացօթյա գիշերակացով՝ արշավի ձևաչափով: Արշավի ընթացքում իրականացվելու են ֆիզիկական պատրաստվածության և հոգեբանական դիտարկումներ, ինչը հնարավորություն կտա բացահայտել դիմորդի պատասխանատվության, սթրեսակայունության, ընկերասիրության, դատողունակության, հավասարակշռվածության աստիճանը, կամային որակները և հասակակիցների շրջանում դրսևորած վարքագիծը, ֆիզիկական դիմացկունությունը, ճարպկությունը:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության արդյունքներն ամփոփում է ընդունող հանձնաժողովը` օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունների արդյունքների մասին դիմորդներին կտեղեկացվի անհատական ծանուցմամբ: Բժշկական զննության և առարկայական թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դրանք հրապարակելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Մարզահոգեբանական ստուգարքի արդյունքները բողոքարկման ենթակա չեն:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ +374 (60) 71-30-01, +374 (60) 71-30-03 հեռախոսահամարների կամ admissions@monte.am էլ. փոստի միջոցով։