Մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
19 Մարտի, 2018 08:47
Հավաքի առաջին օրը ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդես եկել ելույթով:
Զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հանդես է եկել «Ազգ-բանակ հայեցակարգ. իրավական դաշտ, զինված ուժերի արդիականացման ծրագիր և գործնական ծրագրեր» թեմայով դասախոսությամբ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմնական թեզերն ու մոտեցումները, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին:
Օպերատիվ հավաքներին ներգրավված անձնակազմի հետ հանդիպել և դասախոսություններ են ընթերցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և այլք:
Բանախոսներն անդրադարձ են կատարել ՀՀ տնտեսության ներկա վիճակին և զարգացման առաջնահերթություններին, պետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:
Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, զինված ուժերի զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման բնագավառներում, ձևավորել միասնական պատկերացումներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում: