Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած ժամկետային զինծառայողները
27 Հունվարի, 2018 11:21Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով:
Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած քսաներկու զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով:
Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ: