Ամփոփվել են «Միասնություն 2014» զորավարժությունների արդյունքները

27 Նոյեմբերի, 2014 00:00
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի շրջանակում նոյեմբերին անցկացված ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:

Խորհրդակցությանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների բանակային զորամիավորումերի, պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ: Խորհրդակցության ընթացքում զորավարժությունների արդյունքների ամփոփիչ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Քննարկվեցին զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվեցին դրանց շտկման ուղիները: Վերհանված խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարության կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Խորհրդակցությունն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Փորձի փոխանակման և համադրման տեսանկյունից կայացած համարելով զորավարժությունները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորեց ներկաներին հետևություններ անել գրանցված արդյունքներից և տվեց համապատասխան հանձնարարականներ: «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների:
  • Տարածել