Ամփոփվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները

9 Հոկտեմբերի, 2013 00:00
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը:

Զորավաժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Նախարարները հետևել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման գործընթացին և անցել են արգելագոտու բոլոր խոչընդոտներով: Հոգեբանական հաղթահարման արգելագոտին գործի է դրվել ՀՀ զինված ուժերի զինծառայողների հոգեբանական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով: Զորավարժարանում մարտավարամասնագիտական հմտությունների զինանոցն են ցուցադրել հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները: Պետական կատավարման մարմինների ղեկավարները զորավարժարանի կրակային դիրքերում կրակել են հրաձգային զենքից, որից հետո սկսվել է «Արձագանք-2013» մարզումների մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Մարտական հրաձգության փուլին նախորդել է ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների նախարարության զինատեսակների և սպառազինության ցուցադրումը: Գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլի ավարտին տեղի է ունեցել «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքների մասնակի ամփոփումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին` ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ, չնայած արձանագրված որոշ թերությունների, նախկինում անցկացված նմանաբնույթ հրամանատարաշտաբային մարզումների համեմատությամբ «Արձագանք-2013»-ն անցավ հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում, համադրելով գործնական հմտությունների` մարտական հրաձգությամբ գնդային զորավարժությունների հետ: Նախարարը հատկապես կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի կատարելագործումը, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով` պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի ճշգրիտ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը: ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով: «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում, խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:
  • Տարածել