Նշվել է Կապի զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձը

14 Սեպտեմբերի, 2013 00:00
Սեպտեմբերի 14-ին ՀՀ զինված ուժերի կապի զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԶՈՒ կապի զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձը: Տոնական միջոցառմանը ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մինչ միջոցառման մեկնարկը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները շրջեցին զորամասում, ծանոթացան հայկական բանակում օգտագործվող կապի միջոցներին, ռազմական տեխնիկային: Նրանք նաև կապ հաստատեցին կապի զորքերի մի խումբ սպաների հետ, ովքեր այս օրերին Գերմանիայում մասնակցում են զորավարժության և զորավարժության հրամանատարության անունից ստացան ջերմագին շնորհավորանքներ կապի զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ: Այնուհետև զորամասի շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ, որի ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես եկան բարձրաստիճան սպաներ, հոգևոր սպասավորներ: Կապի զորքերի պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը շնորհավորելով բոլոր սպաներին և ժամկետային զինծառայողներին, մանրամասն ներկայացրեց կապի զորքերի կազմավորման փուլերը, անցած մարտական ուղին: Կապի զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով կարևորեց կապի զորքերի դերն ու նշանակությունը մեր բանակում և մաղթեց, որպեսզի կապավորները փոխանցեն միայն բարի լուրեր: Կապի զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ մի շարք սպաներ և ժամկետային զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: Տոնական օրն ավարտվեց հանդիսավոր երթով և համերգային ծրագրով:
  • Տարածել