Հրամանատարաշտաբային դասընթացներ ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի համար

3 Սեպտեմբերի, 2013 00:00
Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ՊՆ-ին աջակցություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը, ՀՀ գիտության և կրթության նախարարության և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ՀՀ ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետև՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռքբերված գիտելիքների և հմտությունների հետագա զարգացումով և հղկումով ապահովում է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի (միջգերատեսչական) և բազմազգ օպերատիվ միջավայրերում և դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը: Դիմելով հրամանատարաշտաբային դասընթացի առաջին հոսքի ունկնդիրներին, պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ՀՀ ԶՈւ ապագա առաջնորդների պրոֆեսիոնալ կայացման կարևորագույն ուղենիշ հանդիսացող այս նոր դասընթացի մասնակիցներին հորդորեց «ցուցաբերել բանիմացության, հանձնառության և բնավորության այնպիսի որակներ, որոնք նրանցից ակնկալում են հայ ժողովուրդը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, անմիջական հրամանատարները, կոլեգաները և ենթակաները»:
  • Տարածել