Հայկական խաղաղապահներն իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին

18 Հոկտեմբերի, 2012 00:00
Հոկտեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող «Իլիյսկսի» զորավարժարանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:

Զորավարժություն թեման է եղել Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը: Այն անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության 2012թ. համատեղ միջոցառումների պլանին համապատասխան: Զորավարժության ընթացքում մշակվել և իրագործվել են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ շրջանակներում առաջին անգամ անցկացված խաղաղարար «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժության ժամանակ հայկական խաղաղապահներն ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ խաղարար առաքելությունների ժամանակ ձեռք բերած իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին: Ինչպես նշել է ՀԱՊԿ ղեկավարությունը` հայկական ստորաբաժանումը իրեն դրսևորել է շատ գրագետ և պատրաստված: Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են շատ բարձր մակարդակով: Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցել է մոտ 950 մարդ, մինչև 70 միավոր ավտոմոբիլային և 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 «Մի-17» ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:
  • Տարածել