Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվել է Ջահանգիր աղայի անվան լսարան

20 Փետրվարի, 2013 00:00
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում փետրվարի 20-ին տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, զորավար Ջահանգիր աղայի անվան մարտավարության լսարանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Միջացառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձաստիճան զինվորականներ։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշել է, որ հայ ժողովուրդը, սփռված լինելով ամբողջ աշխարհում, քաջ գիտակցում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ժողովրդի ազգային ինքնորոշման, ազգային մշակույթի ձևավորման և տվյալ պետության զարգացման գործում։ «Այսօր հավաքվել ենք մեծարելու եզդի քաջորդու, ով հայ ժողովրդի հետ կերտել է մեր պատմությունը: Ի տարբերություն այլ պետությունների՝ որտեղ ճնշվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ այդ պետությունները շատ հեռու չեն մեզանից, մենք մեծարում ենք մեր եզդի եղբայրների, քույրերի դերն ու նշանակությունը: Իսկ երկու ազգերի բարեկամությունը, վստահ եմ, կարող է օրինակ դառնալ մյուս ազգերի և պետությունների համար»,- ասել է Ս. Օհանյանը։ Միջոցառման ընթացքում հնչել են դրվատանքի խոսքեր, ելույթներ հայ ժողովրդի բարեկամ, եզդի ազգային հերոս զորավարի Ջահանգիր աղայի գործունեության վերաբերյալ:
  • Տարածել