ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել

13 Հոկտեմբերի, 2012 00:00
Ս.թ. հոկտեմբերի 9-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում:

Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող կայունացման գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: Նիստերի ժամանակ ներկայացվեց տեղեկատվություն Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) և Կոսովոյի Ուժերի (ԿՖՈՌ) առաքելությունննների ընթացքի վերաբերյալ, նախանշվեցին գործողությունների շրջանակներում ապագա խնդիրներն ու անելիքները: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը առանձնազրույց ունեցավ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր փոխանակեցին ՆԱՏՕ-Հայաստան պաշտպանական համագործակցության, ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մասնակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Բելգիայում գտնվելու ընթացքում Ս.Օհանյանը հանդիպեց նաև Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
  • Տարածել