Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը

25 Հուլիսի, 2012 00:00
Ս.թ. հուլիսի 25-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Իրժե Աբերլեն: Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա` ռադիոկապի միջոցով: Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Իրժե Աբերլեն դիտարկման ավարտին հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես համայնքների ղեկավարների հետ: Համայնքների ղեկավարները դաշտային օգնականներին ներկայացրել են սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակը, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակիացել են հակառակորդ կողմից բնակավայրերի գնդակոծման դեպքերը, ինչի արդյունքում տուժում է խաղաղ բնակչությունը: ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, հանդիպել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հուլիսի 21-ին վիրավորված Գոռ Փիլոյանին:
  • Տարածել