ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի այցը Հայաստան

14 Հուլիսի, 2012 00:00
Ս.թ. հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Հայաստանում էր գտնվում ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացին օժանդակող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի հիմնական նպատակը ՀՀ պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շուրջ քննարկումների անցկացումն էր: Այցի ընթացքում մասնավորապես քննարկվել են պայմանագրային սերժանտների ինստիտուտի կատարելագործման համար պահանջվող ռեսուրսների, ֆինանսական միջոցների խելամիտ ուղղորդման հարցերը: Միջազգային փորձագետները ծանոթացել են նաև արհեստավարժ սերժանտական կազմի զարգացման հարցերով ՀՀ-ում կատարված աշխատանքներին, ներկայացրել են այս ոլորտում արտերկրի առաջավոր փորձը: Այցի շրջանակներում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոց, ինչպես նաև Արմավիրի ուսումնական կենտրոն, ծանոթացել են այս հաստատություններում պայմանագրային սերժանտների պատրաստման գործընթացին: Խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում արհեստավարժ սերժանտական կազմի զարգացման առաջընթացի մասին եզրահանգումների հետ մեկտեղ կողմերը նախանշել են ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, նախատեսվող միջոցառումները:
  • Տարածել