Կանզասի նահանգի Սենատը բարձր գնահատանքի է արժանացրել Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի զինված ուժերի միջև համագործակցությունը

8 Ապրիլի, 2013 00:00
Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված` 2013թ. ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Սենատի կողմից միաձայն ընդունվել է բանաձև:

Բանաձևում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական և զինվորական ղեկավարության ջանքերը: Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում անվտանգության ու կայունության հաստատման ուղղված հայ խաղաղապահների ներդրմանը: Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2003թ.-ից: Համագործակցությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև հետևյալ հիմնական ոլորտներում` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն, ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացի նախապատրաստմանը աջակցության ցուցաբերում և այլն: Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզաս նահանգը Հայաստանի հետ համագործակցություն է իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, օրենսդրական, իրավապահ, արտակարգ իրավիճակների և այլ ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ 2013թ.-ին Հայաստանում իրականացվելու է Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի տոնակատարությունը, որին Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի հետ հրավիրվել է նաև Կանզասի նահանգապետը:
  • Տարածել