ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում

23 Մարտի, 2012 00:00
Մարտի 21-22-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Նյու Յորքում:

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` Զենքի առևտրի պայմանագրի, ռազմական ծախսերի և բյուջեի, փոքր զենքի և թեթև սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման և վերացման, ինչպես նաև տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման և զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի և նույն դեպարտամենտի քաղաքականության և ծրագրավորման վարչության պաշտոնատարների հետ համատեղ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաև հումանիտար ականզերծման կարողությունների զարգացման և այդ ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր: Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:
  • Տարածել