ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները

13 Հուլիսի, 2013 00:00
«Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած մի խումբ սփյուռքահայ երիտասարդների հետ հուլիսի 12-ին հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հիսունից ավել սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հանդիպման առանցքը ազգային բանակն էր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով կարևորեց աճող սերնդի հայրենասիրական դաստիարակությունը և ընդգծեց, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հայրենիքի սահմաններից դուրս ապրող երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին: «Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպված ընդունելության համար, նշեց, որ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդներն ունեն մի ընդհանուր նպատակ` ծանոթանալ Հայաստանի Հանրապետությանը, նրա մասը կազմել, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և իրենց փոքրիկ ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ մեծ պատիվ է յուրաքանչյուր տարի «Դեպի Հայք» հիմնադրամի, «Արի տուն» ռազմահայրենասիրական-ճանաչողական ծրագրերի շրջանակներում հանդիպել երիտասարդների, ովքեր, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհները ուղղում են դեպի մայր հայրենիք` Հայաստան: «Դուք բոլորդ ծնվելով տարբեր երկրներում` Հայաստանի մասին պատկերացումներ ունեցել եք տեսականորեն և յուրաքանչյուր այսպիսի այցելություն հնարավորություն է տալիս, որպեսզի ճանաչեք մեր մայր հայրենիքը, այն օրրանը, որ մեզ բոլորիս կապում է իրար հետ և այդ միասնականության գաղափարն է, որ միշտ հիմքեր է ստեղծել, որպեսզի մենք կարողանանք ունենալ հաջողություններ, կարողանանք ունենալ հաղթանակներ և ապահովել մեր ժողովրդի զարգացումը»,- իր խոսքում նշեց Ս. Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց նաև ՀՀ ԶՈւ սպառազինության, զորակոչի, ԶՈւ-ում կանանց դերի, ԶՈւ-ի զարգացման վերաբերյալ երիտասարդներին հուզող հարցերին, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը սփյուռքահայ երիտասարդներին նվիրեց իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» աշխատությունը և հույս հայտնեց, որ այն կօգնի առավել ընդգրկուն պատկերացում ունենալ Հայոց բանակի մասին: «Դեպի Հայք» հիմնադրամը հիմնվել է 2003 թվականին ԱՄՆ-ում` Էդիլ Հովնանյանի կողմից: Հիմնադրամի առաքելությունն է զարգացնել և ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը Հայրենիքի հետ` հնարավորություն տալով նրանց մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ Հայրենիքի զարգացման գործում կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել Հայրենիքում ու բարձրացնել Սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը:
  • Տարածել