Ամփոփվել են ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները

1 Հունիսի, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 1-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների և համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր - 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի` 7 ամիս տևած հետազոտությունն իր մեջ ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների բացահայտումը և քարտեզագրումը: «Ուսումասիրվել են Հայաստանի 5 մարզերի` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները, անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր առմամբ` 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34 723 մարդ»,- իր խոսքում նշեց Ռուբեն Առաքելյանը: Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, շարունակելով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված և 17 կասկածելի վտանգավոր տարածք: «Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաև ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն, որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե` աշխատանքների հետագա համակարգման և տուժածներին աջակցելու համար»,- տեղեկացրեց Յոհաննես Օդենդալը: Ասուլիսի մասնակիցները նշեցին նաև, որ առավել մանրամասն և ամփոփ հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչև հուլիսի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարություն:
  • Տարածել