Սեյրան Օհանյանը և Քրիստիան Շմիդթը ստորագրել են համաձայնագիր
31 Օգոստոսի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին ռազմական կրթության և խաղաղապահության ոլորտներում մեծ առաջընթաց է ապրել հայ-գերմանական ռազմական համագործակցությունը:
Քրիստիան Շմիդթը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների գերազանց ծառայության համար:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը և Քրիստիան Շմիդթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև ռազմակրթական աջակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի կառույցներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների և պաշտպանության նախարարության աշխատակիցների ուսուցման մասին համաձայնագիր: