Ավարտվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

22 Հուլիսի, 2011 00:00
Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հուլիսի 18-ից 21-ը Վաշինգտոնում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի սկզբում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` քաղաքականության գծով տեղակալ Միշել Ֆլուրնոյի հետ: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այնուհետև տեղի են ունեցել հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակությունները` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` միջազգային անվտագության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Սելեստ Վոլանդերի համանախագահությամբ: Պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես` խաղաղապահ գործողությունների մասնակցության նպատակով համատեղ զորավարժությունների և վարժանքների անցկացումը, ռազմական կրթության, անձնակազմի կառավարման, ռազմական բժշկության, պրոֆեսիոնալ սերժանտական և ենթասպայական կազմերի վերապատրաստման ոլորտներին առնչվող ծրագրեր: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքներից բխող անհրաժեշտ կարողությունների զարգացման նպատակով նախանշել են հետագա համագործացության նոր ուղիներ: Ամերիկյան կողմի հետ քննարկումները շարունակվել են ԱՄՆ պետքարտուղարությունում, որտեղ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Քուրթ Ամենդին, սպառնալիքի նվազեցման և արտահանման վերահսկման հարցերով փոխտեղակալ Էնն Գենզերին: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես` ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկման, ՀՀ զինված ուժերի` խաղաղապահ գործողություններին մասնակցության, ռազմական կրթության, մարդասիրական ականազերծման վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ: Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները: ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Արլինգտոնի ազգային հուշահամալիր և ծաղկեպսակ դրել «Անհայտ զինվորի» հուշակոթողին:
  • Տարածել