Պաշտպանության նախարարը հանդիպել է Թալինի վետերաններին և զոհված ազատամարտիկների հարազատներին

9 Մայիսի, 2011 00:00
Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 9-ին այցելել է Թալին, հանդիպել հայրենական պատերազմի վետերանների, արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված ազատամարտիկների հարազատների հետ:

Պաշտպանության նախարարը այցելել է Թալինի նորաբաց Փառքի սրահ, որտեղ ներկայացված են հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի մասնակից թալինցի հերոսների նկարները, նրանց սխրանքների մասին պատմող գրավոր մասունքները: Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանները պաշտպանության նախարարի հետ կիսվել են իրենց հուշերով, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության վերաբերյալ իրենց ընկալումներով: Խոսելով Շուշիի ազատագրման ռազմական պլանի մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը իրականացվել է ռազմական գիտության ամենաբարձր չափանիշներով: Այդ փառապանծ հաղթանակի մեջ վետերանների ունեցած ներդրման մասին պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ձեր խիզախությունը իր արտացոլումը գտավ մեր նորօրյա պատմության մեջ: Ձեր սխրանքների օրինակներով դաստիարակված` իմ հասակակիցները նետվեցին կռվի դաշտ` ապահովելու մեր ժողովրդի պաշտպանությունը և Արցախի ազատագրումը»:
  • Տարածել