Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի պաշտոնական այցը Հայաստան

18 Ապրիլի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Բաչո Ախալայայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Կարևորելով Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայ-վրացական ռազմական համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է` ընդգրկելով խաղաղապահության, ռազմակրթության, ռազմական վարժանքների և այլ ոլորտներ: Այդ համագործակցությունը նպատակ ունի ապահովել փորձի փոխանակում և ձևավորել փոխվստահության մթնոլորտ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների խաղաղ կարգավորման շուրջ»: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները միակարծիք են եղել առ այն, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ստեղծված են անհրաժեշտ հիմքերը` պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության հետագա զարգացման համար: Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
  • Տարածել