ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին

11 Մարտի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում մարտի 10-ին հանդիպել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակին և տնօրեն Գունար Վիգանդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է փոխվստահության ամրապնդման միջոցառումների լիարժեք կիրառման անհրաժեշտությունը: Մասնավորապես, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել մարտի 5–ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածություններից հետո շփման գծում Ադրբեջանի կողմից վարվող դիպուկահար և անկանոն կրակը: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից անպատասխանատու հայտարարությունների և շահարկումների արդյունքում հրահրված միջադեպերի պատճառով աճում է զոհերի թիվը: Եվրամիության պաշտոնյաները չափազանց կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` պատրաստակամություն հայտնելով գործնական աջակցություն ցուցաբերել փոխվստահության մթնոլորտի բարելավման ուղղությամբ:
  • Տարածել