Կայացավ Ազգային Ռազմավարական Հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացումը
26 Հունվարի, 2007 00:00Բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնավորապես ասաց. ՙԱյսօր մենք ներկա ենք ՀՀ ԶՈՒ 15-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում Դ.Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացման արարողությանը: Մենք բարեփոխումների փուլում ենք և կարծում եմ այսպիսի կառույցի լիարժեք գործարկումը դրական ազդեցություն կունենա այդ բարեփոխումների հաջող իրագործման գործում: Այսպիսի ինստիտուտ ունենալու գաղափարը ծնվել էր վաղուց, երբ մի քանի տարի առաջ` Հայաստանի առաջին հանրապետության վերջին ռազմական նախարար, Բաշ - Ապարանի հերոս Դրոյի մասունքները Հայաստան տեղափոխելուց հետո, նրա հարազատները, բարեկամները և այդ առթիվ ստեղծված հանձնաժողովը ցանկություն հայտնեցին Հայաստանում ունենալ մի հաստատություն, որը կզբաղվի ազգային ռազմավարական խնդիրներով: Առաջարկեցինք ստեղծել մի այսպիսի ինստիտուտ և ստեղծեցինք: Կարծում եմ այս հարմարավետ շենքը կօգնի ինստիտուտի կոլեկտիվին, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ, է’լ ակտիվորեն ներգրավվելու բանակաշինության գործում: Ինստիտուտն արդեն որոշակի աշխատանք ունի կատարված. մասնակցել է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների, ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը, և կարծում եմ սկզբնական շրջանի բնական դժվարությունները հետևում են: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր մեզ օգնեցին ունենալ այսպիսի կառույց. առաջին հերթին նվիրատուներին, ինչպես նաև շինարարներին: Հաջողություն այս ինստիտուտին: