Կայացավ Ազգային Ռազմավարական Հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացումը

26 Января, 2007 00:00
Ս.թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության` Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, բարձրաստիճան սպաներ, դեսպաններ, ռազմական կցորդներ, դիվանագիտական համակարգի աշխատողներ, հյուրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնավորապես ասաց. ՙԱյսօր մենք ներկա ենք ՀՀ ԶՈՒ 15-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում Դ.Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացման արարողությանը: Մենք բարեփոխումների փուլում ենք և կարծում եմ այսպիսի կառույցի լիարժեք գործարկումը դրական ազդեցություն կունենա այդ բարեփոխումների հաջող իրագործման գործում: Այսպիսի ինստիտուտ ունենալու գաղափարը ծնվել էր վաղուց, երբ մի քանի տարի առաջ` Հայաստանի առաջին հանրապետության վերջին ռազմական նախարար, Բաշ - Ապարանի հերոս Դրոյի մասունքները Հայաստան տեղափոխելուց հետո, նրա հարազատները, բարեկամները և այդ առթիվ ստեղծված հանձնաժողովը ցանկություն հայտնեցին Հայաստանում ունենալ մի հաստատություն, որը կզբաղվի ազգային ռազմավարական խնդիրներով: Առաջարկեցինք ստեղծել մի այսպիսի ինստիտուտ և ստեղծեցինք: Կարծում եմ այս հարմարավետ շենքը կօգնի ինստիտուտի կոլեկտիվին, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ, է’լ ակտիվորեն ներգրավվելու բանակաշինության գործում: Ինստիտուտն արդեն որոշակի աշխատանք ունի կատարված. մասնակցել է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների, ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը, և կարծում եմ սկզբնական շրջանի բնական դժվարությունները հետևում են: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր մեզ օգնեցին ունենալ այսպիսի կառույց. առաջին հերթին նվիրատուներին, ինչպես նաև շինարարներին: Հաջողություն այս ինստիտուտին:

  • Поделиться