Պաշտպանության նախարարի ճեպազրույցը օդանավակայանում
15 Մարտի, 2007 00:00Ս. թ. մարտի 14-ին քառօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորում էին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայական կազմը, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարը մասնավորապես ասաց. «Ինչպես գիտեք, հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր մակարդակներում լավ հիմքերի վրա են: Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք, թե ինչպես են այդ հարաբերություններն ընդլայնվում և խորանում: Եվ այս պայմաններում ճիշտ չէր լինի ռազմական համագործակցությունը թողնել զրոյի վրա: Գիտեք, որ մենք ռազմական բնագավառում հարաբերություններ չունենք Ֆրանսիայի հետ: Նպատակահարմար էր այդ հարաբերությունների սկիզբը դնել և, կարծում եմ` հաջողվեց: Բանակցությունները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի հետ ցույց տվեցին, որ ֆրանսիական կողմը բարյացակամորեն է տրամադրված»:
Լրագրողների այն հարցին, թե որ բնագավառներում կարող է ընթանալ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Նախ կադրերի պատրաստում, և երկրորդ` լեզվի ուսուցում: ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների` ձեզ հայտնի ծրագիրը, որով նախատեսվում է մեր բանակն ավելի մարտունակ դարձնել, շատ լավ հիմք է ծառայում ֆրանսիական կողմին` մասնակցելու այդ գործընթացին»: