Ավարտվեց շրջանավարտների բաշխման գործընթացը

31 Հուլիսի, 2007 00:00
Ս.թ. հուլիսի 31-ին Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի ունեցավ Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի 2007թ. շրջանավարտներին սկզբնական սպայական կոչման շնորհման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը , ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը:

Ողջունելով հյուրերին, հանդիսության մասնակիցներին, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դ.Բալայանը նշեց, որ տարեցտարի որակական առաջընթաց է նկատվում, քանի որ ռազմաավիացիոն ինստիտուտի խնդիրն է պատրաստել որակյալ սպա: Նա հավաստիացրեց, որ իր սաները արժանապատվությամբ և պատվով կկատարեն զինվորական պարտականությունները` հավատարիմ մնալով տրված երդմանը: «Հպարտություն է մեզ համար, որ Արցախյան ազատամարտից սերված հայկական բանակը շարունակվում է համալրվել մեր ազգային ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներով: Այս օրվա մասին երազել ենք բոլորս»,- իր խոսքում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը` շնորհավորելով նորաթուխ սպաներին` ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ: Շարահրապարակում զինվորական քայլերթից անմիջապես հետո տեղի ունեցավ Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխումը վիճակահանությամբ: Այսպիսով, ավարտվեց ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների` վիճակահանությամբ բաշխման գործընթացը:
  • Տարածել