Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

9 Նոյեմբերի, 2007 00:00
Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը պաշտպանության նախարարությունում տեղի կունենա Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի երկու երկրների նախարարների հանդիպումը /պատվիրակությունների կազմում/, ՀՀ և ԼՀ պաշտպանության նախարարությունների միջև 2008թ. ռազմական համագործակցության պլանի ստորագրումը և նախարարների մամլո-ասուլիսը: Պաշտոնական այցի ծրագրի շրջանակներում պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ: Ժամը 16:00-ին պատվիրակությունը կայցելի ՀՀ Ազգային պատկերասրահ: Նոյեմբերի 13-ին ժամը 11:00-ին պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ, ժամը 14:30-ին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ժամը 16:30-ին` Մատենադարան: Նոյեմբերի 14-ին Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը կվերդառնա Լիտվա: Մամլո-ասուլիսին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են տեղափոխվել պաշտպանության նախարարություն ավտոբուսով, որը Ալ. Թամանյանի արձանի մոտից կշարժվի ժամը 11:30-ին: Նախօրոք ցուցակագրվեք 28-26-30 հեռախոսահամարով:
  • Տարածել