Հաղորդագրություն մամուլի համար

4 Դեկտեմբերի, 2007 00:00
Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունեց դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման անցնելու կապակցությամբ, մաղթեց արդյունավետ աշխատանք, և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան այլընտրանքային զինվորական ծառայությանը և պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմների կատարելագործմանը: Քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրներ: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին`  Մ. Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռևս սպառված չեն: Հանդիպման ավարտին դեսպան Կապինասը շնորհակալություն հայտնեց նախարարին` ԵԱՀԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար: *** Օրվա երկրորդ կեսին Պաշտպանության նախարարն ընդունեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող, ֆրանսիայի Ազգային Ասամբլեայի պատգամավոր ԺորԺ Կոլուբիեյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով: Հանդիպման ընթացքում ԺորԺ Կոլուբիեն հետաքրքրվեց Հայաստանում իրականացվող այլընտրանքային ծառայության ներկա վիճակով, մասնավորապես անդրադառնալով Եհովայի վկաների խնդրին: ԺորԺ Կոլուբիեյի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում տիրող իրավիճակը, մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի շրջանակներից դուրս իրականացվող հարձակողական սպառազինության ձեռքերման և հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: Կողմերը խոսեցին նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, քաղաքացիական վերահսկողության, զինվորական քննչական մարմինները դատախազության կազմից պաշտպանության նախարարության համակարգ տեղափոխելու, զինված ուժերը քաղաքական գործընթացներից զերծ պահելու մասին:
  • Տարածել