Հաղորդագրություն մամուլի համար
4 December, 2007 00:00Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը ողջունեց դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման անցնելու կապակցությամբ, մաղթեց արդյունավետ աշխատանք, և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ:
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան այլընտրանքային զինվորական ծառայությանը և պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմների կատարելագործմանը:
Քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրներ:
Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին` Մ. Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռևս սպառված չեն:
Հանդիպման ավարտին դեսպան Կապինասը շնորհակալություն հայտնեց նախարարին` ԵԱՀԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար:
***
Օրվա երկրորդ կեսին Պաշտպանության նախարարն ընդունեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող, ֆրանսիայի Ազգային Ասամբլեայի պատգամավոր ԺորԺ Կոլուբիեյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ԺորԺ Կոլուբիեն հետաքրքրվեց Հայաստանում իրականացվող այլընտրանքային ծառայության ներկա վիճակով, մասնավորապես անդրադառնալով Եհովայի վկաների խնդրին:
ԺորԺ Կոլուբիեյի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում տիրող իրավիճակը, մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի շրջանակներից դուրս իրականացվող հարձակողական սպառազինության ձեռքերման և հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
Կողմերը խոսեցին նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, քաղաքացիական վերահսկողության, զինվորական քննչական մարմինները դատախազության կազմից պաշտպանության նախարարության համակարգ տեղափոխելու, զինված ուժերը քաղաքական գործընթացներից զերծ պահելու մասին: